«Մանչեսթեր Յունայթեդը» տուգանել է իր հարձակվող Մարկուս Ռաշֆորդին 650 հազար ֆունտով Բելֆաստում իր պահվածքի համար։
Հիշեցնենք, որ Ռաշֆորդը բաց է թողել «Յունայթեդի» անցած ուրբաթ օրը կայացած մարզումը` պատճառաբանելով առողջական վատ վիճակը: Արդյունքում Մարկուսը որակազրկվել է կիրակի օրը կայացած «Նյուպորտի» դեմ հանդիպման համար։
Դրան նախորդեց Ռաշֆորդի ուղևորությունը Բելֆաստ, որտեղ Մարկուսը զվարճացել էր գիշերային ակումբում և այցելել փաբ՝ կորցնելով գիտակից վիճակը և ժամանակի վերահսկողությունը։
The Sun-ը նույնիսկ հարցազրույց է հրապարակել 30 ամյա մատուցողուհու հետ, որին Ռաշֆորդն իր հետ հրավիրել էր գիշերային ակումբ։ Նրա խոսքով՝ Մարկուսը 12 ժամ տեկիլա է խմել և գիշերվա երեքին պարզապես ուշաթափվել է։
Երկուշաբթի օրը Ռաշֆորդը լուրջ խոսակցություն է ունեցել իր եղբոր և գործակալի հետ: Մարկուսի հետ զրուցել է ոչ միայն գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, այլև մարզական տնօրեն Ջոն Մուրտոն և նույնիսկ սէր Դև Բրեյլսֆորդը, որը ներկայացնում է «Յունայթեդի» նոր համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆին:
Ի վերջո, Յունայթեդը տուգանեց Ռաշֆորդին 650 հազար ֆունտով, որը համարժեք է երկու շաբաթվա աշխատավարձին: Միաժամանակ Մարկուսին նախազգուշացում է տրվել ապագայում նման պահվածքի անթույլատրելիության մասին։
«Յունայթեդը» ակնկալում է, որ Ռաշֆորդը ոչ միայն կարգապահ կմնա, այլև կբարելավի իր խաղը, քանի որ Մարկուսը մրցաշրջանի սկզբից ընդամենը 4 գոլ է խփել:
Եթե Ռաշֆորդը չարդարացնի սպասելիքները մրցաշրջանի մնացած հատվածում, ապա «Յունայթեդը» կարող է մտածել իր խաղացողից բաժանվելու մասին: