«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ տխրում է լոնդոնյան ակումբից հեռանալու համար:
«Սթեմֆորդ Բրիջում» աշխատելու ժամանակ Բենիտեսն «ազնվականների» հետ հաղթեց Եվրոպա Լիգայում և ավարտեց Պրեմիեր Լիգան երրորդ հորիզոնականում: Մրցաշրջանի ավարտին իսպանացի մասնագետին նույնիսկ հաջողվեց ստանալ երկրպագուների աջակցությունը:
Առաջնության վերջին տուրից հետո Բենիտեսն ակնարկել է, որ ցավում է ակումբից հեռանալու համար:
-Այո, ցավում եմ, բայց այսպիսինն է ֆուտբոլը: Վստահ եմ, որ այս խաղացողներն առաջ կգնան ու ավելի լավը կդառնան: Իրավիճակն այնպիսինն է, որ ես այլևս այստեղ չեմ լինի: Ես կատարեցի իմ աշխատանքը:
Ինձ դուր եկավ այս ֆուտբոլիստների հետ աշխատելը: Սակայն այժմ պետք է առաջ շարժվել: Ինձ փոխարինողը ֆանտաստիկ թիմ կստանա: Ինչ ինձ է վերաբերվում, ապա 26 տարի տարբեր երկրներում աշխատելով, ինձ պետք չէ որևէ բան ապացուցել,- հայտնել է Բենիտեսը:
Ավելացնենք, որ ամենայն հավանականությամբ «Չելսիի» հաջորդ մարզիչը կլինի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: The Telegraph