ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն հայտնել է, որ «Մադրիդի Ռեալը» «Տոտտենհեմի» հետ համաձայնեցրել է Գարեթ Բեյլի տրանսֆերը:
«Արքայական ակումբը» վաղուց է հետևում ուելսցի վինգերին, ով փայլեց Պրեմիեր Լիգայի վերջին մրցաշրջանում:
Մադրիդյան ակումբին օգնեց այն գործոնը, որ «Տոտտենհեմը» հերթական անգամ չհայտնվեց Չեմպիոնների Լիգայում, որտեղ շատ է ուզում խաղալ Գարեթ Բեյլը: Եվ ահա, իսպանական թերթերին տված հարցազրույցում Գալյարդոն հայտնել է, որ Բեյլն արդեն հանդիսանում է «Մադրիդի Ռեալի» ֆուտբոլիստ:
-Գործարքն ավարտին կհասնի մինչև այս շաբաթվա վերջ, սակայն «Ռեալը» ցանկանում է սպասել պաշտոնական հայտարարությանը, քանի որ նախ և առաջ պետք է լուծել գլխավոր մարզչի խնդիրը: Ես ունեմ տեղեկություն, որ Բեյլն արդեն «Ռեալի» ֆուտբոլիստ է,- Գալյարդոյի խոսքերն է մեջբերում Interconomia-ն:
Եթե այս ինֆորմացիան հաստատվի, ապա մադրիդյան ակումբը «Տոտտենհեմին» կվճարի 90 մլն եվրո, որը կդառնա ֆուտբոլի պատմության երկրորդ ամենաթանկ տրանսֆերը: Հիշեցնենք, որ 2009թ-ին «Մադրիդի Ռեալը» Կրիշտիանու Ռոնալդուի համար «Մանչեսթեր Յունայթեդին» վճարեց 100 մլն եվրո: