«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան կարծում է, որ ակումբի ղեկավարությունը պետք է ներդրումներ կատարի, որպեսզի հաջորդ մրցաշրջանում «կարմիրները» կարողանան պայքարել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար:
Ընդամենը օրեր առաջ «Լիվերպուլը» հրապարակեց անցած մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը, որն ահազանգում է 40.5 մլն ֆունտ վնասի մասին: Բացի այդ ակումբի պարտքերը 65 մլն-ից դարձել են 87 մլն: Մինչդեռ Ռեյնան կարծում է, որ «Լիվերպուլը» պետք է շարունակի գումարներ ծախսել:
-Ընթացիկ մրցաշրջանը կարևոր է մեզ համար այն տեսանկյունից, թե ինչ է ուզում մարզիչը, ինչպես նաև նրա գաղափարների իրականացման տեսանկյունից: Մենք պետք է պատրաստ լինենք՝ պայքարելու հաջորդ մրցաշրջանի առաջին իսկ խաղից:
Ակնհայտ է, որ ակումբի ղեկավարության որոշակի աջակցության կարիքն ունենք մենք: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ արդեն հիմք ունենք: Այժմ մենք գիտենք մարզչի գաղափարներն ու փիլիսոփայությունը: Ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի լավ է դառնում: Հուսամ՝ մենք պատրաստ կլինենք պայքարելու ամենաբարձր նպատակների համար,- հայտնել է Ռեյնան: The Guardian