«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ լավ հարաբերությունների մեջ է ակումբի սեփականատերերի հետ՝ չնայած թիմի խաղային ճգնաժամին:
Այժմ «քաղաքայիններն» արդեն 12 միավորով զիջում են առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Որոշ պարբերականներ հաղորդում են, որ «Սիթին» լուրջ մտածում է Մանչինիին վռնդելու մասին:
Մինչդեռ անձամբ իտալացի մասնագետը չի մտածում, որ իր պաշտոնը վտանգի տակ է: Նա հիանալի հարաբերությունների մեջ է ակումբի նախագահ Հալդուն Ալ Մուբարաքի հետ:
-Ես զրուցում եմ Հալդունի հետ ամեն շաբաթ: Ես նրան դուր եմ գալիս: Երբ մենք պարտվում ենք, նրա վերաբերմունքն այնպիսինն է, ինչպիսին որ իմն է: Նա հիասթափված է և հուսալքված, սակայն ֆուտբոլի դեպքում դա նորմալ է և ճիշտ:
Երբ պարտվում ես, չես կարող երջանիկ լինել 24 ժամ, սակայն հետո պետք է մտածես ապագայի մասին:
Մենք լավ հարաբերություններ ունենք: Այս պահին սեփականատերերը երջանիկ չեն, քանի որ պարտությունից հետո չես կարող երջանիկ լինել, սակայն ես մտածում եմ, որ նրանք գոհ են իմ երեք տարվա աշխատանքից,- հայտնել է Մանչինին: Sky Sports