«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոստացել է շատ սեղմ ժամկետներում որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ:
Երեքշաբթի օրը պարտվելով «Արսենալին»՝ «Ուիգանը» դուրս մնաց Պրեմիեր Լիգայից: Ակումբի նախագահ Դեյվ Ուիլանը հույս է հայտնել, որ Մարտինեսը կմնա իրենց հետ նաև Չեմպիոնշիփում:
Մինչդեռ արդեն երկրորդ տարին անընդմեջ Մարտինեսի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է: Այս անգամ 39-ամյա իսպանացին ֆավորիտ է համարվում «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնում:
-Գիտեմ՝ կարող է հիմարություն թվալ, սակայն ես դեռ չեմ մտածել իմ իրավիճակի մասին: Այժմ պարզապես մտածում ենք կիրակի օրը կայանալիք խաղի մասին:
Մենք պարզապես ցանկանում ենք հաճույք ստանալ, և կիրակին մեծ օր է լինելու ակումբի համար: Դրանից հետո մենք բավականին ժամանակ կունենանք՝ զբաղվելու անձնական գործերով և մտածելու, թե ինչ ենք զգում այս ամենի վերաբերյալ:
Որոշումս սպասեցնել չի տա, և դա լավ կլինի «Ուիգանի» համար: Մենք շատ արագ կիմանանք, թե ինչ սպասենք հաջորդ մրցաշրջանից և ինչպես գործենք,- հայտնել է Մարտինեսը: Sky Sports