«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին քննադատել է ՈՒԵՖԱ-ի աշխատակիցներին և նրանց անվանել «վախկոտներ»:
Հոլանդացի ֆուտբոլիստը կարծում է, որ ՈՒԵՖԱ-ն քաջություն չունեցավ՝ խոստովանելու մրցավար Ջյունեյտ Չակիրի սխալը: Չակիրը սպասարկում էր Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը:
Հիշեցնենք, որ այդ խաղում թուրք մրցավարը չափից դուրս վիճելի որոշում կայացրեց՝ դաշտից հեռացնելով տանտերերի վինգեր Նանիին: Սա էլ ուղղակիորեն ազդեց խաղի ելքի վրա:
-Կարմիր քարտը չափազանց սխալ էր: Իրականում, սա նույնիսկ դեղին քարտ չէր և ոչ էլ տուգանային հարված: Նանին ոչինչ չէր կարող անել: Նա հազիվ դիպավ Ալվարո Արբելոային:
Ամենավատն այն է, որ ՈՒԵՖԱ-ն աջակցում է Չակիրին: Սա վախկոտություն է, որը ես չեմ հասկանում: Ինչո՞ւ ազնվություն չունենալ և չասել. «Իսկ նա տեսե՞լ է, թե ինչ է կատարվել»:
Մինչև խաղն էլ ես չէի հասկանում, թե ինչպես կարելի է մրցավար նշանակել մեկին, ում ոչ մեկը չի ճանաչում և ով ամիսներով մեծ հանդիպումներ չի սպասարկել: Նույնիսկ «Ռեալի» ֆուտբոլիստներն ասացին, որ դա կարմիր քարտ չէր,- հայտնել է վան Պերսին: ESPN