Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը գովեստի խոսքեր է ասել հավաքականում իր նորամուտը նշած Ռիկի Լամբերտի հասցեին, ում խփած գոլը Շոտլանդիայի հետ խաղում հաղթանակ պարգևեց «երեք առյուծներին»՝ 3:2:
«Ուեմբլիում» կայացած երեկվա խաղում Լամբերտը դաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում՝ փոխարինելով Ուեյն Ռունիին: «Սաութհեմպտոնի» հարձակվողն իրեն լավագույն կողմերով դրսևորեց: Ռիկին խփեց անգլիացիների հաղթական գնդակը, մեկ անգամ հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և ևս մեկ գոլային պահ ունեցավ:
-Նա շատ լավ խաղաց: Մենք հավատում ենք նրան: Երբ Ռիկին դաշտ մտավ, Գարի Նևիլն ինձ ասաց, որ նա գոլ է խփելու: Եվ արդյունքում նա գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ և երկու անգամ շատ մոտ էր նպատակին:
Ես գոհ եմ նրանից: Կարծում եմ՝ Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում խփած 15 գնդակը շատ բանի մասին է խոսում:
Ես ուրախ եմ Լամբերտի համար և ուրախ եմ, որ նրա խփած գնդակը մեզ հաղթանակ բերեց,- ասել է Հոջսոնը: Sky Sports