«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ լուրջ նշանակություն չի տալիս այն խոսակցություններին, որոնք երիտասարդ աստղ Ռահիմ Ստերլինգի անունը կապում են Մադրիդի «Ռեալի» հետ:
Լուրերի համաձայն, 19-ամյա Ստերլինգն ակումբում և Անգլիայի ազգային հավաքականում իր խաղով արժանացել է «արքայական ակումբի» ուշադրությանը:
Ռահիմը համարվում է իսպանական գրանդի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի տրանսֆերային նպատակներից գլխավորը, սակայն Ռոջերսը հանգիստ է վերաբերվում այդ խոսակցություններին:
-Այս պահին Ռահիմով կարող է հետաքրքրվել աշխարհի ցանկացած ակումբ: Ես դրան հանգիստ եմ վերաբերվում,- ասել է Ռոջերսը: Goal
«Կարմիրների» մարզիչը նաև հայտնել է, որ Ստերլինգը կմասնակցի շաբաթ օրը «Էվերթոնի» հետ դերբիին, չնայած որ երեքշաբթի օրը 120 րոպե խաղաց Լիգայի գավաթում՝ «Միդլսբրոյի» դեմ: