«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան կարծում է, որ «Էթիհադում» կայանալիք այսօրվա խաղում «Չելսին» նախընտրելու է խաղալ պաշտպանությունում:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «քաղաքայինները» ոչ մի միավոր չեն տվել մրցակիցներին: Իսկ բոլոր մրցաշարերում կայացած տնային 18 խաղերում Մանուել Պելեգրինիի սաները խփել են 72 գնդակ:
Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» գոլազուրկ ոչ ոքի է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» դաշտերում, և Սաբալետան կարծում է, որ այս անգամ էլ «կապույտները» փորձելու են առաջին հերթին գոլ բաց չթողնել:
-«Չելսին» հիանալի ֆուտբոլիստներ ունի: Նրանք ունեն առաջնության լավագույն պաշտպանություններից մեկը, դրա համար գրոհների ժամանակ մենք պետք է գնդակն արագ տեղաշարժենք:
Դժվար է լինելու, քանի որ «Էթիհադ» ժամանող բոլոր թիմերն էլ 90 րոպե խաղում են պաշտպանությունում: «Չելսին» բացառություն չի լինի: Սակայն մեր առաջադրանքն էլ այն է, որ գտնենք դեպի դարպասը տանող ճանապարհը,- «Սիթիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Սաբալետան: