«Արսենալի» վինգեր Բուկայո Սական դադարեցրել է իր ապագայի մասին ենթադրությունները՝ նոր երկարաժամկետ պայմանագիր կնքելով «Արսենալի» հետ:
Սակային ընդամենը մեկ տարի էր մնացել իր նախորդ պայմանագրից, և մամուլում անընդհատ լուրեր էին պտտվում Բուկայոյի «Արսենալից» հեռանալու մասին:
Սակայի հավակնորդներից մեկը համարվում էր «Մանչեսթեր Սիթին», սակայն 21 ամյա անգլիացի ֆուտբոլիստը հավատարիմ մնաց հարազատ ակումբին՝ նոր պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականը։
Մինչև այժմ Սական «Արսենալի» կազմում անցկացրել է 178 հանդիպում՝ Պրեմիեր լիգայի վերջին երկու մրցաշրջաններում ոչ մի խաղ բաց չթողնելով «զինագործների» կազմում։ Բուկայոն հատկապես լավ հանդես եկավ այս մրցաշրջանում՝ խփելով 14 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում:
«Ես ուղղակի ուրախ եմ: Շատ խոսակցություններ եղան, և դա մի փոքր ավելի երկար տևեց, բայց ես հիմա այստեղ եմ: Կարծում եմ, սա այն ճիշտ ակումբն է, այն ճիշտ տեղը հաջորդ քայլն անելու համար: Սա գեղեցիկ ակումբ է»։
«Ինձ համար կարևոր է հասնել իմ անձնական նպատակներին, և դա կախված է նրանից, թե ինչպես եմ ես ինձ դրդում և պահանջում ինձանից յուրաքանչյուր խաղում: Եվ հետո ես ունեմ իմ շրջապատում ճիշտ մարդիկ՝ ընտանիքս, թիմակիցներս, մարզչական շտաբը:»
«Կարծում եմ՝ ամեն ինչ ունեմ հնարավոր լավագույն խաղացողը դառնալու համար, և այդ պատճառով ես ուրախ եմ մնալ այստեղ և կապել իմ ապագան «Արսենալի» հետ: Ես իսկապես հավատում եմ, որ մենք կարող ենք շատ բանի հասնել»,- ասել է Սական։
Ըստ The Telegraph-ի՝ Սակայի բազային աշխատավարձն այժմ կկազմի շաբաթական 200.000 ֆունտ, սակայն բոնուսների դեպքում Բուկայոն յուրաքանչյուր յոթ օրը մեկ կկարողանա վաստակել մինչև 290.000 ֆունտ: