Սանդրո Տոնալիին ձեռք բերելու միջոցով «Նյուքասլը» ցանկանում է թարմացնել ակումբային տրանսֆերային ռեկորդը։
Այս պահին «Նյուքասլի» ամենաթանկ ձեռքբերումը համարվում է Ալեքսանդր Իսակը։ Նրան ձեռք բերելու համար «կաչաղակները» «Ռեալ Սոսյեդադին» վճարեցին 60 միլիոն ֆունտ։
Այնուամենայնիվ, առաջիկա օրերին Տոնալին կարող է Իսակից խլել այդ «տիտղոսը»։
Ինչպես հայտնում է The Independent-ը, «Նյուքասլի» սպորտային տնօրեն Դեն Էշվորթն արդեն Իտալիայում է և «Միլանի» ղեկավարների հետ բանակցություններ է վարում 23 ամյա Տոնալիի տրանսֆերի շուրջ:
Միաժամանակ իտալական աղբյուրները նշում են, որ ինքը՝ Սանդրոն, արդեն համաձայնել է միանալ «Նյուքասլին»։
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն նախատեսում է օգտագործել Տոնալիին պաշտպանության գծում, ինչը թույլ կտա Բրունո Գիմարայնսին ակտիվորեն մասնակցել հարձակողական գործողություններին: