Եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոյին ամբողջությամբ արգելել են ցանկացած տիպի շփումը «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական թիմի ֆուտբոլիստների հետ:
Հիշեցնենք, որ «Յունայթեդը» հայտարարեց Սանչոյի գլխավոր թիմի հետ մարզումից հեռացնելու մասին այն բանից հետո, երբ Ջեյդոնը հրապարակավ քննադատեց «կարմիր սատանաների» մարզիչ Էրիկ Տեն Հագին, իսկ հետո հրաժարվեց ներողություն խնդրել նրանից:
23 ամյա անգլիացուն նաև արգելել են ոտք դնել Քարինգթոնի բազայի այն տարածքները, որտեղ կարող է ներկա գտնվել առաջին թիմից որևէ մեկը, հայտնում է Daily Mirror-ը:
Այս արգելքը վերաբերում է նաև ճաշասենյակին։ Արդյունքում Սանչոն, ով շաբաթական 250,000 ֆունտ է ստանում, ստիպված է լինում ուտել ու մարզվել ակադեմիայի ֆուտբոլիստների հետ։
«Այս իրավիճակը լուծելու պարզ միջոց կա՝ պետք է, որ Ջեյդոնը ներողություն խնդրի գլխավոր մարզչից: Ինչ-որ մեկը պետք է հետ կանգնի, և դա չի լինի գլխավոր մարզիչը», – մեջբերում է հրատարակությունը:
Սպասվում է, որ «Յունայթեդը» կվաճառի Սանչոյին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, եթե Ջեյդոնը չզղջա մինչև հունվար: Հարձակվողին արդեն սիրաշահում են իր նախկին ակումբը՝ Դորտմունդի «Բորուսիան», ինչպես նաև «Ռոման»՝ Ժոզե Մոուրինյոյի նախաձեռնությամբ: