«Լիվերպուլը» բարելավված առաջարկ է կատարել «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիայի համար, սակայն այդ առաջարկը նույնպես մերժվել է «Սաութհեմպտոնի» կողմից:
Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ «Սաութհեմպտոնը» հրաժարվել է Լավիային վաճառել 37 միլիոն ֆունտով, ներառյալ բոնուսները:
Դրանից հետո «Լիվերպուլը» բաժանվել է Ջորդան Հենդերսոնից և Ֆաբինյոյից, որոնք մեկնել են Սաուդյան Արաբիա և այժմ «կարմիրները» նոր առաջարկ են ներկայացրել Լավիային ձեռք բերելու համար:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Լիվերպուլի» նոր առաջարկը կազմում է 40 միլիոն ֆունտից պակաս երաշխավորված գումար, և նույնիսկ բոնուսների հետ միասին չի հասնում 50 միլիոն ֆունտ ստերլինգի սահմանաչափին:
Այս պահին երկու ակումբները շարունակում են բանակցությունները։ «Լիվերպուլը» լավատեսորեն է վերաբերվում գործարքին, քանի որ Լավիան ցանկանում է միանալ Յուրգեն Կլոպի թիմին:
Միևնույն ժամանակ, «Լիվերպուլը» ունի 19 ամյա բելգիացու համար կազմած այլընտրանքային ցուցակ, և այդ ցուցակում ընդգրկված է «Ֆլումինենսեի» 22 ամյա Անդրեն: