«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնել է «Սպորտինգի» աջ պաշտպան Սեդրիկ Սոարեշին գնելու մասին: Ակումբը պորտուգալացուն դիտարկում է որպես Նաթանիել Քլայնին փոխարինող:
Պորտուգալիայի ազգային հավաքականից վերադառնալուց հետո Սեդրիկն այսօր չորս տարվա պայմանագիր ստորագրեց «սրբերի» հետ: Այսպիսով, Սոարեշը դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սաութհեմպտոնի» երկրորդ նորեկը՝ Խուանմի Խեմենեսից հետո:
-Ի դեմս Սեդրիկի մենք ունեցանք բարձրակարգ համալրում: Ինչպես և Խուանմին, նա նույնպես ունի մեծ վարպետություն և պոտենցիալ: Նա ևս մեկ ֆուտբոլիստ է, ով ծարավ է հաղթանակների և հաջողության,- ասել է «Սաութհեմպտոնի» գործադիր տնօրեն Լես Ռիդը:
Սպասվում է, որ 23-ամյա Սոարեշի «Սեյնտ Մերի» տեղափոխվելն ակումբին թույլ կտա բաց թողնել Նաթանիել Քլայնին, ով հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը: Անգլիացի պաշտպանն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լիվերպուլում»: