«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն իր կոպիտ խաղի համար ներողություն է խնդրել «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզից:
Հիշեցնենք, որ կիրակի օրը «քաղաքայիններն» «Ուեմբլիում» հաղթեցին «ազնվականներին» և դուրս եկան Անգլիայի գավաթի եզրափակիչ: Հենց Ագուերոն այդ խաղում խփեց հաղթական գնդակը (1:2): Մինչդեռ Սերխիոն կարող էր չխաղալ մինչև վերջ, եթե գլխավոր մրցավար Քրիս Ֆոյը հեռացներ նրան Լուիզի նկատմամբ կատարած խախտման համար:
Այս խաղում արգենտինացի ֆուտբոլիստը կոպիտ խաղաց Լուիզի դեմ՝ երկու ոտքերով թռնելով բրազիլացու վրա: Արդեն երեքշաբթի օրն այս կոնֆլիկտն ամբողջությամբ հարթվեց, երբ Ագուերոն կապվեց Դավիդի հետ և ներողություն խնդրեց:
«Ես կապվել եմ Դավիդ Լուիզի հետ և ներողություն խնդրել այն բանի համար, ինչ տեղի ունեցավ հանդիպման ընթացքում: Դա ռեակցիա էր իմպուլսի ազդեցությամբ: Չպետք է դա լիներ»,- հայտնել է Ագուերոն իր թվիթերյան էջում: