«Մանչեսթեր Սիթին» 25 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչի համար:
Անցյալ ամիս հայտնի դարձավ, որ «Չելսին» թույլատրել է Կովաչիչին՝ նոր ակումբ փնտրել: Մատեոյի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը 12 ամիս, և «ազնվականները» չեն ցանկանում խաղացողին ազատ գործակալի կարգավիճակով բաց թողնել իրենց ակումբից։
Ինքը՝ Կովաչիչը, ցանկություն է հայտնել միանալ «Սիթիին», և «Չելսիի» հետ բանակցություններից հետո «քաղաքացիները» գրավոր առաջարկ են արել գնելու համար Մատեոյին, հայտնում է The Athletic-ը։
29 ամյա խորվաթին հրավիրելը կապահովի Պրեմիեր լիգայի չեմպիոնների դաշտի կենտրոնը Իլկայ Գյունդողանի և Բերնարդու Սիլվայի հեռանալու դեպքում:
Կովաչիչը «Չելսիում» հանդես է գալիս 2019 թվականից՝ Պրեմիեր լիգայում 142 հանդիպում անցկացնելով։ Ճիշտ է, 2022/23 մրցաշրջանում Մատեոն առաջնությունում «կապույտների» մեկնարկային կազմում հայտնվել է ընդամենը 17 անգամ։