«Սուոնսի Սիթին» պաշտոնապես հայտնել է «Էսպանյոլի» կենտրոնական պաշտպան Խորդի Ամատին 2.5 մլն ֆունտով ձեռք բերելու մասին:
Հինգշաբթի երեկոյան Ամատը մեկնեց «Լիբերթի» մարզադաշտ, որտեղ որոշեց վերջնական հարցերը և չորս տարվա պայմանագիր ստորագրեց ուելսյան ակումբի հետ:
Խորդին «Էսպանյոլի» սան է և իսպանական այս ակումբում է 7 տարեկանից: Արդեն 17 տարեկանում Խորդին խաղում էր առաջին թիմում: Նախորդ մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես եկավ «Ռայո Վալեկանոյում», որտեղից էլ մեկ տարի առաջ «կարապները» ձեռք են բերել իրենց աստղ Միչույին:
Ավելացնենք, որ 21-ամյա Ամատը 16-ից 21 տարեկանում հանդես է եկել Իսպանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: Ամենայն հավանականությամբ «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը ցանկանում է Ամատով փոխարինել թիմի ավագ Էշլի Ուիլյամսին, ում ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլը» և «Արսենալը»: