«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին պետք է շարք վերադառնա մինչև «Լիվերպուլի» դեմ Լիգայի գավաթի խաղը:
Երեկ կայացած մանչեսթերյան դերբիում «Յունայթեդի» ֆուտոբլիստները խաղի զգալի մեծ հատվածում շատ անօգնական վիճակում էին հայտնվել: Վան Պերսին, ով «Սիթի օֆ Մանչեսթերի» տրիբունայից էր հետևում հանդիպմանը, ևս զարմացած էր այն ամենով, ինչ տեղի էր ունենում:
Հայտնի է, որ Ռոբինը մկանային խնդիրներ ունի: Սակայն «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հույս ունի, որ հոլանդացին կվերականգնվի մինչև չորեքշաբթի օրն «Օլդ Թրաֆորդում» կայանալիք խաղը:
-Մենք կարծում էինք, որ Ռոբինի հետ մինչև երեկվա խաղն ամեն ինչ կարգին կլինի: Շատ լուրջ խնդիր չկա: Հույս ունեմ, որ նա կկարողանա մասնակցել չորեքշաբթի օրը կայանալիք խաղին:
Չեմ կարծում, որ նրա բացակայությունը երկար կտևի: Նա ուղղակի մկանային ցավ էր զգացել մարզման ժամանակ: Մենք չցանկացանք այն բարդացնել,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: