«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հետ:
Վան Պերսին անցած ամռանն է «Արսենալից» տեղափոխվել «Յունայթեդ»: Նրա խփած 25 գնդակներն օգնեցին «կարմիր սատանաներին» վերադարձնել չեմպիոնական տիտղոսը: Ռոբինի խոսքերով նա նույնիսկ չէր պատկերացնում, որ ընթացիկ մրցաշրջանն այսքան հաջող կլինի իր և թիմի համար:
-Զարմանալի է: Միայն իմ ամենահամարձակ երազնելում կարող էի պատկերացնել, որ ամեն ինչ հենց այսպես կլինի: Մենք ֆանտաստիկ խաղացողներ ունենք: Հետևաբար ես հույս ունեմ, որ մենք ավելին կնվաճենք,- հայտնել է վան Պերսին:
Բացի այդ, հարձակվողը շնորհակալություն է հայտնել Սէր Ալեքսին, որի համար կիրակի օրը կայացած «Սուոնսիի» հետ խաղը վերջինն էր «Օլդ Թրաֆորդում»՝ որպես «Յունայթեդի» գլխավոր մարզիչ:
-Իսկապես տխուր օր էր: Բոլորն էլ դա հասկանում են, և յուրաքանչյուրն էլ շատ շնորհակալ է նրանից: Ինձ համար մեծ պատիվ էր մեկ տարի աշխատել նրա հետ:
Նա հրաշալի մարզիչ է և արտակարգ մարդ: Անկեղծ զարմանալի է, թե ինչպիսինն է նա և ինչպես է աշխատում ֆուտբոլիստների հետ,- ավելացրել է հոլանդացին: Sky Sports