«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Վաութ Վեգհորստը բացատրել է, թե ինչու է «Լիվերպուլի» մարզադաշտում դիպչել «Սա Էնֆիլդն է» ցուցանակին։
Անցած տուրի շրջանակներում «Յունայթեդը» նվաստացուցիչ պարտություն կրեց Էնֆիլդում 7:0 հաշվով, իսկ խաղում մեկնարկային կազմում հայտնված Վեգհորստն ընդհանրապես չարդարացրեց իրեն:
Այնուամենայնիվ, Վեգհորստը զայրացրեց «Յունայթեդի» երկրպագուներին ոչ միայն իր խաղով, այլև այն փաստով, որ նա դիպավ տրիբունաների տակ գտնվող թունելում տեղադրված լեգենդար նշանին։ Այս ծեսը սովորաբար կատարում են «Լիվերպուլի» խաղացողները, բայց ոչ մի դեպքում մրցակիցները:
Երկրպագուների վրդովմունքն այնքան մեծ է եղել, որ Վեգհորստը ստիպված է եղել մեկնաբանել իր գործողությունը։ Պարզվում է, որ Վաութը դիպչել է նկարին միայն այն բանի համար, որ թույլ չտա Վիրջիլ վան Դեյկին դա անել:
«Սովորաբար ես երբեք չեմ արձագանքում մեդիա թեմաներին, բայց այս դեպքն է, որ ունի պարզաբանության կարիք, քանի որ «Յունայթեդի» զարմանահրաշ երկրպագուները կարևոր են ինձ համար: Ես պարզապես ուզում եմ ազնիվ լինել»:
«Ես ազգային թիմից գիտեմ, որ Վիրջիլը միշտ դիպչում է այս նշանին, և ես փորձեցի նրան խանգարել դա անել՝ խաղից առաջ նրան ծաղրելու համար»:
«Մանկության տարիներին ես միշտ աջակցել եմ «Տվենտեին», և հիմա հպարտ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող եմ, և իմ նվիրվածությունն այս անհավանական ակումբին երբեք չի կարող կասկածի տակ դնել»:
«Կիրակի օրը սարսափելի օր էր բոլորիս համար: Առաջիկա շաբաթների ընթացքում մենք ամեն ինչ կանենք այն շտկելու համար: Մենք միասին կվերականգնվենք և կհասնենք մեր նպատակներին այս մրցաշրջանում»: ասվում է Վեգհորստի հայտարարության մեջ։
Բացի այդ, հունվարին «Բերնլիից» վարձավճարով «Յունայթեդ» տեղափոխվելուց ի վեր, Վեգհորստը 14 խաղում ընդամենը մեկ գոլ է խփել, իսկ Պրեմիեր լիգայում «կարմիր սատանաների» կազմում աչքի չի ընկել ընդհանրապես: