«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ հետաքրքրված է մի քանի ֆուտբոլիստներով, ովքեր ցանկանում են հանդես գալ «զինագործների» կազմում:
«Արսենալի» միակ նորեկն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մնում է հարձակվող Յայա Սանոգոն: Սակայն ակնհայտ է, որ վերջին օրերին Վենգերն ակտիվացրել է գործողությունները ֆուտբոլիստներ ձեռք բերելու հարցում:
Վենգերն առաջվա պես վստահ է, որ նոր ֆուտբոլիստներ կլինեն: Եվ դրանք կլինեն խաղացողներ, ովքեր ցանկանում են հանդես գալ «Արսենալում»:
-Ես վստահ եմ, որ մենք մեզ անհրաժեշտ ձեռքբերումները կունենանք, քանի որ այդ ֆուտբոլիստները ցանկանում են միանալ մեզ:
Գուցե մենք այն գումարները չունենք, որոնց մասին բոլորը գրում են, բայց մենք որոշ միջոցներ ունենք տրանսֆերներ իրականացնելու համար: Մենք շատ լուրջ աշխատանքներ ենք կատարում դրա համար, սակայն դա այնքան էլ արագ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք:
Դուք կզարմանաք, եթե իմանաք, թե որքան շուտ ենք մենք սկսել աշխատել: Կարելի է շատ ժամանակ վատնել, անգամ առանց հանգստանալու, սակայն արդյունքում ոչինչ չստացվի: Ֆուտբոլում պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր իրավիճակի և համբերատար լինել: Քանի դեռ տրանսֆերային պատուհանը բաց է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ, այդ թվում նաև ամենավերջին րոպեներին,- Վենգերի խոսքերն է մեջբերում BBC-ն: