«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացառել է «Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բային ձեռք բերելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ մասնագետը խոստովանել է, որ հավանում է սենեգալցու խաղը:
Ինչպես արդեն հայտնի է, հունվարին Բան հնարավոր է հեռանա «Նյուքասլից», քանի որ ըստ նրա պայմանագրի` տրանսֆերային արժեքն ընդամենը 7 մլն ֆունտ է: Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ լոնդոնյան «Արսենալը» պայքարելու է Բայի համար: Սակայն Արսեն Վենգերը հերքել է այդ լուրերը:
-Ինձ դուր է գալիս Դեմբա Բան, սակայն հիմա ժամանակը չէ այդ մասին խոսելու: Նա վաղը խաղալու է իմ թիմի դեմ: Իսկ եթե ինձ հարցնեք` կստորագրեմ պայմանագիր նրա հետ, ապա ես ձեզ կպատասխանեմ` ոչ,- ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Նյուքասլին»: