«Արսենալի» ղեկավարությունը պատրաստվում է 70 մլն ֆունտ տրամադրել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ամառային տրանսֆերային պատուհանի համար: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:
Անգլիայի գավաթի 6-րդ փուլում «զինագործները» սենսացիոն պարտություն կրեցին «Բլեքբեռնից»: Գործնականում լոնդոնյան ակումբն այս տարի էլ մնաց առանց տիտղոսների: Այժմ թիմը աննշան հնարավորություն ունի հաղթելու Չեմպիոնների Լիգան, որտեղ արդեն վաղը նրանք մրցելու են Մյունխենի «Բավարիայի» դեմ:
Այնուամենայնիվ, «Արսենալի» սեփականատերերը շարունակում են հավատալ Արսեն Վենգերին և մտադիր են 70 մլն ֆունտ տրամադրել 3-4 համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ ձեռք բերելու համար:
Անձամբ Վենգերն այս պահին ցանկանում է վերականգնել ֆուտբոլիստների ներքին վստահությունը:
-Կենսականորեն կարևոր է ուժեղ պատասխան տալ մրցաշրջանի ավարտին: Սկզբի համար մենք պետք է վերականգնենք վստահությունը, քանի որ երեքշաբթի մեզ սպասում է ոչ թե «Բլեքբեռնը», այլ «Բավարիան»: Հետևաբար վստահությունը շատ կարևոր կլինի,- հայտնել է Արսեն Վենգերը: