«Վեստ Հեմը» պայմանագիր է կնքել «Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մուհամեդ Կուդուսի հետ։ Գործարքը գնահատվում է 38 միլիոն ֆունտ ստերլինգ, ներառյալ բոնուսները:
Այս հանգստյան օրերին բուժզննում անցնելուց հետո Կուդուսը իր ապագան կապեց «Վեստ Հեմի» հետ մինչև 2028 թվականի հունիսը: Այս պայմանագիրը ներառում է նաև 12 ամսով երկարաձգման տարբերակ:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, շաբաթ օրը Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը փորձել է ընդհատել Կուդուսի տեղափոխությունը, սակայն Մուհամեդը չի փոխել իր ծրագրերը։
Հայտարարության մեջ «Վեստ Հեմը» պնդում է, որ իրենք հաղթող են դուրս եկել «Եվրոպայի մի քանի թոփ ակումբների» հետ պայքարում Կուդուսի համար: Հստակորեն հայտնի է, որ այս ամառվա սկզբին «Բրայթոնը» չի կարողացել համաձայնության գալ Մուհամեդի տրանսֆերի հարցում:
Գանայի հավաքականի 23 ամյա ֆուտբոլիստը դառնում է «Վեստ Հեմի» երրորդ խոշոր ձեռքբերումն այս տրանսֆերային պատուհանում՝ «Այաքսի» իր թիմակից Էդսոն Ալվարեսից և «Սաութհեմպտոնի» Ջեյմս Ուորդ-Պրոուզից հետո:
«Մանկուց երազել եմ խաղալ այս կարգի առաջնությունում: Ես երազել եմ այս պահի մասին և շատ ուրախ եմ այստեղ հայտնվելու համար: Բայց դրանով դեռ ոչինչ ավարտված չէ, ես ցանկանում եմ մնալ այստեղ»:
«Ես ամեն ինչ անում եմ երկրպագուներին ուրախություն պարգևելու համար: Կարծում եմ՝ ֆուտբոլը հենց դրա համար է: Ես այստեղ եմ, որպեսզի ցույց տամ ինձ լավագույնս և օգնեմ թիմին: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ես կպայքարեմ այս տարբերանշանի համար»,- ասել է «մրճահարների» 14-րդ համարը։