«Վուլվերհեմպտոնի» մարզական տնօրեն Մեթ Հոբսը մեկ խաղով որակազրկվել է մրցավար Էնթոնի Թեյլորին վիրավորելու համար։
Հոբսը, ով «Վուլվերհեմպտոնում» է 2015 թվականից և նշանակվել է իր ներկայիս պաշտոնին 2022 թվականի նոյեմբերին, նախորդ ամիս Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած «Նյուքասլի» դեմ ոչ-ոքիից հետո (2-2) վիրավորել է Թեյլորին:
Հանդերձարանի ճանապարհին Հոբսը, բարկացած «Նյուքասլի» օգտին 11 մետրանոց նշանակելու որոշումից, մրցավարին անվանել է «բացարձակապես անօգուտ, ․․․ , ինչպես միշտ»:
Քիչ անց Հոբսին կանչեցին մրցավարական հանդերձարան, որտեղ Թեյլորն անընդունելի անվանեց «գայլերի» մարզական տնօրենի նման պահվածքը և խոստացավ բողոքել, ինչին ի պատասխան Մեթը ասաց. «Մենք նորից սպասում ենք ձեր ներողությանը»:
ՖԱ-ն, իհարկե, չի անտեսել սա։ Չորեքշաբթի օրը ասոցիացիան հայտարարեց, որ Հոբսը տուգանվել է 4000 ֆունտով և որակազրկվել մեկ խաղով: