«Տոտտենհեմը» և «Լիվերպուլը» դեռ ցանկանում են ձեռք բերել «Այաքսի» տաղանդավոր կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին:
Որոշ ժամանակ առաջ մամուլում լուրեր հայտնվեցին, որ Էրիկսենը տեղափոխվում է Դորտմունդի «Բորուսիա»: Հաղորդվեց նաև, որ այդ տրանսֆերով Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասնակիցը ցանկանում է փոխարինել Մարիո Գյոտցեին:
Սակայն երեկ պարզ դարձավ, որ Էրիկսենը գերմանական ակումբի հետ ոչ մի համաձայնություն չունի:
-Ես զարմանքով կարդացի Էրիկսենի տեղափոխության մասին լուրը,- խոստովանել է «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխաել Զորկը տեղական Ruhr Nachrichten-ին տված հարցազրույցի ժամանակ:
Ավելացնենք, որ Անգլիայում դանիացի ֆուտբոլիստով հետաքրքրված են «Տոտտենհեմը» և «Լիվերպուլը»: Անցած գարնանը «Այաքսի» սպորտային տնօրեն Մարկ Օվերմարսը հայտնեց, որ «կարմիրների» սկաուտները պարբերաբար հետևում են Քրիստիանին: