«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը հայտնել է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ կդառնա Օուեն Քոյլը:
Պրեմիեր Լիգան լքելուց հետո «Ուիգանը» ստիպված էր հրաժեշտ տալ իր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին, ով տեղափոխվեց «Էվերթոն»:
Մի շարք թեկնածուների տարբերակներ քննարկելուց հետո, Ուիլանը որոշեց, որ ամենահարմար տարբերակը «Բոլթոնի» նախկին մարզիչ Օուեն Քոյլն է: «Ուիգանի» նախագահը կարծում է, որ Քոյլը ճիշտ ընտրություն է` Պրեմիեր Լիգա վերադառնալու խնդրի լուծման համար:
-Մենք սկզբունքային համաձայնության ենք եկել Օուենի հետ: Ներկա պահին մենք բանակցում ենք նրա գործակալի հետ, և մնում է միայն որոշ ձևակերպումներ կատարել:
Ավելի վաղ նա արդեն «Բերնլիին» դուրս բերել է Պրեմիեր Լիգա: «Բոլթոնում» դա նրան չհաջողվեց կրկնել, բայց երբեմն որոշ բաներ հակառակ են ստացվում:
Բոլոր թեկնածուներից, կարծում եմ, նա լավագույնն է: Մենք պետք է պայմանագիր ստորագրենք այսօր: Նրա գործակալը հիմա բանակցում է Ջոնատանի (գործադիր տնօրենի) հետ, և գործարքն իրականացնելուց հետո, նա վաղվանից աշխատանքի կանցնի: Նա շատ աշխատանք ունի անելու, և պետք է անմիջապես գործի անցնել,- Ուիլանի խոսքերն է մեջբերում The Sun-ը: