«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հայտարարել է, որ ժամանակն է դադարել իրեն քննադատել` ակումբում անցկացրած առաջին անհաջող մրցաշրջանի համար:
2011 թվականին «Լիվերպուլից» տեղափոխվելով «Սթեմֆորդ Բրիջ»՝ Տորրեսը ոչ մի կերպ չէր կարողանում իրեն դրսևորել «կապույտների» կազմում: Դրա վկայությունն այն է, որ նա «Չելսիի» կազմում առաջին գոլը խփեց միայն տեղափոխվելուց մի քանի ամիս հետո:
Այնուամենայնիվ, անցած մրցաշրջանը 29-ամյա Ֆերնանդոյի համար, կարելի է ասել, ակտիվ էր. նա մի քանի կարևոր գոլերի հեղինակ դարձավ և ընդհանուր առմամբ խփեց 23 գնդակ: Հիմա հարձակվողը հույս ունի, որ Լոնդոնում իր կարիերայի անհաջող մեկնարկը շուտով բոլորը կմոռանան:
-Կարծում եմ, յուրաքանչյուրի մոտ տպավորվել է «Չելսիում» անցկացրած իմ առաջին մրցաշրջանը, որը, մեղմ ասած, այնքան էլ լավ չդասավորվեց:
Ես գոհ եմ իմ խաղով, չնայած ինձնից ավելին ու ավելին եմ պահանջում: Ես ինձ հարմարավետ եմ զգում, այդ թվում նաև ֆիզիկական առումով, և վերադառնում եմ նորմալ կյանքին,- Տորրեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: