«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը պայմանագիր ստորագրեց ամերիկյան «Նյու-Յորք Սիթիի» հետ:
«Ազնվականների» լեգենդար ֆուտբոլիստի պայմանագիրը լրացավ նախորդ մրցաշրջանի ավարտին և «Չելսին» չցանկացավ այլևս օգտվել փորձառու Լեմպարդի ծառայություններից: Որոշ ժամանակ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում գտնվելուց հետո այսօր Լեմպարդը պաշտոնապես դարձավ «Նյու-Յորք Սիթիի» ֆուտբոլիստ, որը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա ՄԼՍ-ում: Ֆրենկն իր նոր թիմում հանդես կգա 8 համարի մարզաշապիկով:
Լեմպարդը մինչև 2015թ-ի մարտը չի կարող խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դուստր ակումբ «Նյու-Յորք Սիթիում», ուստի սպասվում է, որ նա մինչ այդ կլինի ավստրալիական «Մելբուռն Սիթիում», որը նույնպես պատկանում է «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր շեյխ Մանսուրին: