«Էվերթոնի» մրցակիցները գոյատևման պայքարում պատրաստ են 300 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ դատական հայց ներկայացնել «Էվերթոնի» դեմ, եթե այս մրցաշրջանում «իրիսները» խուսափեն անկումից:
Երկու հանդիպում ունենալով՝ մինչ մրցաշրջանի ավարտը, «Էվերթոնը» մեկ միավորով բարձր է անկման գոտու ակումբներից: Շոն Դայչի թիմը դեռ պետք է խաղա «Վուլվերհեմպտոնի» և «Բորնմուտի» դեմ:
Ըստ Daily Mail-ի, «Էվերթոնի» մրցակիցներ «Սաութհեմպտոնը», «Լեսթերը», «Լիդսը», «Նոթինգհեմ Ֆորեստը» և Չեմպիոնշիփի հաղթող «Բերնլին» արդեն տեղեկացրել են Պրեմիեր լիգայի ղեկավարներին, որ «Էվերթոնից» դրամական փոխհատուցում կպահանջեն, եթե «իրիսները» կարողանան խուսափել անկումից:
Բանն այն է, որ Պրեմիեր լիգայի անկախ հանձնաժողովը շարունակում է «Էվերթոնի» դեմ հարուցված գործը նրանց կողմից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման մասով։
Ի սկզբանե «Էվերթոնի» մրցակիցները պահանջում էին արագացնել այդ վարույթը և սանկցիաներ ընդունել մերսիսայդյան ակումբի նկատմամբ՝ ընդհուպ մինչև միավորների հանում։
Անկախ հանձնաժողովը հրաժարվեց շտապել, իսկ հետո թվարկված հինգ ակումբները որոշեցին 300 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ հայց ներկայցնել «Էվերթոնի» դեմ։
Ինչ վերաբերում է «Բերնլիին», ապա «Էվերթոնի» դեմ Թըրֆ Մուրի ակումբի պահանջները վերաբերում են նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայից իրենց անկմանը: «Բորդոագույնները» կարծում են, որ «իրիսները» կարող էին առավելություն ստանալ՝ թույլատրվածից ավելին ծախսելով: