Անգլիայում, Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում այս շաբաթ նախատեսված բոլոր ֆուտբոլային հանդիպումները հետաձգվել են Էլիզաբետա II թագուհու մահվան պատճառով։
Նախօրեին Բուքինգհեմյան պալատը հաստատել էր թագուհի Էլիզաբետա II-ի մահը 96 տարեկանում։ Պրեմիեր լիգան անմիջապես իր խորին ցավակցությունն է հայտնել այս առիթով, իսկ մեկ օր անց հայտարարել, որ 7-րդ տուրը հետաձգվելու է։
Անգլիայում սեպտեմբերի 9-ից 12-ը կհետաձգվեն նաև Չեմպիոնշիփի, Առաջին լիգայի, Երկրորդ լիգայի և մյուս բոլոր ֆուտբոլային խաղերը, ասվում է ՖԱ-ի հայտարարության մեջ:
«Մենք և մեր ակումբները ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել Նորին Մեծության երկարամյա և անսասան ծառայությանը մեր երկրին»:
«Սա չափազանց տխուր ժամանակ է ոչ միայն ազգի համար, այլև միլիոնավոր մարդկանց համար ամբողջ աշխարհում, ովքեր հիանում էին նրանով, և մենք միանում ենք բոլոր նրանց, ովքեր սգում են նրա մահը», – ասել է Պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Մասթերսը: