Այսօր Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում տեղի կունենա 33-րդ տուրից հետաձգված «Չելսի» – «Տոտտենհեմ» հանդիպումը: Լոնդոնյան այս երկու ակումբները «Արսենալի» հետ միասին պայքարում են լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար:
«Ազնվականները» այժմ 68 միավորով գտնվում են 3-րդ հորիզոնականում և Վիլաշ-Բոաշի սաներից առաջ են 3 միավորով: Այսօրվա հաղթանակը «կապույտների» համար կարժենա Չեմպիոնների Լիգայի ուղեգիր:
Ռաֆայել Բենիտեսի թիմը նախորդ տուրում դժվարին խաղ անցկացրեց «Օլդ Թրաֆորդում» և հաղթեց 0:1 հաշվով: «Չելսին» պետք է խաղա նաև «Էվերթոնի» և «Աստոն Վիլլայի» հետ, իսկ «Տոտտենհեմը» կհյուրընկալվի «Ստոկ Սիթիին» և Լոնդոնում կընդունի «Սանդերլենդին»:
Լոնդոնյան այս դերբին մեկ դարից ավել պատմություն ունի: Թիմերը առաջին անգամ հանդիպել են 1909 թվականի դեկտեմբերի 18-ին: Ընդհանուր առմամբ միմյանց դեմ դաշտ են դուրս եկել 147 անգամ, որից 62-ում ուժեղ են գտնվել «կապույտները», 49 անգամ՝ «Տոտտենհեմը» և 36 խաղ ավարտվել է խաղաղ ելքով: Թիմերի ամենաարդյունավետ խաղը եղել է 2008 թվականին (4:4):
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 22:45-ին:
Խաղին կարող եք online հետևել մեր կայքում՝ հետևյալ հողումով:
Մեր կանխատեսումը՝ 2:2: