«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն ամեն դեպքում համաձայնության է եկել ակումբի հետ և մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:
Մի քանի օր առաջ Լեմպարդը դարձավ «ազնվականների» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Այնուամենայնիվ, նրա ապագան ակումբում կասկածի տակ է: Ավելի վաղ հայտնում էին, որ Ֆրենկը մտածում է ԱՄՆ կամ Քաթար տեղափոխվելու մասին:
Մինչդեռ ակումբի ղեկավարությունը լսել է երկրպագուների խնդրանքը և վերջապես նոր պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին: Պայմանագրի կնքման մասին պաշտոնական հայտարարություն կարող է արվել առաջիկա օրերին:
Աղբյուրի հաղորդմամբ, Լեմպարդին թիմում պահելու որոշումը կապված է Ժոզե Մոուրինյոյի վերադարձի հետ: Ինչպես գիտենք, պորտուգալացի մասնագետը հիանալի հարաբերությունների մեջ է Լեմպարդի հետ և հավանաբար նորից ցանկանում է աշխատել նրա հետ:
Անձամբ խաղացողը խոստովանել է, որ 2008 թվականին մոտ էր «Ինտեր» տեղափոխվելուն, որն այդ ժամանակ գլխավորում էր հենց Մոուրինյոն: Այս հայտարարությունը Լեմպարդն արել է այսօր կայանալիք Եվրոպա Լիգայի եզրափակչից առաջ:
-2008 թվականի մոտ էի Ժոզեի «Ինտեր» տեղափոխվելուն, որովհետև նա մեծ ազդեցություն է ունեցել իմ կարիերայի վրա: Վերջ ի վերջո ես մնացի անձնական պատճառներով, ինչպես նաև «Չելսիի» հետ կապվածության համար: Պարզվեց՝ ճիշտ որոշում էր,- ասել է Ֆրենկը: