Վերջին մրցաշրջանում «Տոտտենհեմի» ոչ պարզ մրցաշարային դիրքի պատճառով թիմի ավագ Մայքլ Դոուսոնը սխալմամբ մտածել էր, որ «Սանդերլենդի» հետ խաղում Գարեթ Բեյլի խփած հաղթական գնդակը իր թիմի համար ապահովել է տեղը լավագույն քառյակում:
Որպեսզի «Տոտտենհեմը» հայտնվեր լավագույն քառյակում անհրաժեշտ էր ոչ միայն հաղթանակը «Սանդերլենդի» նկատմամբ, այլ նաև, որ զուգահեռ ընթացող խաղում «Արսենալը» միավոր կորցներ: Սակայն Դոուսոնը մոռացել էր այս ամենի մասին:
-Այո, երկրպագուների ուրախությունից հետո ես մտածեցի, որ մենք քառյակում ենք: Սա բարդ օր էր: Մենք հավաքեցինք 72 միավոր, սակայն չհայտնվեցինք լավագույն քառյակում: Իհարկե ցավալի է,- Դոուսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հարկ է նշել, որ Դոուսոնը միակը չէր, ում սխալ էր թվացել: Երեկվա խաղի վերջում «Տոտտենհեմի» նախկին սեփականատեր սէր լորդ Ալան Շուգարը թվիթերյան իր էջում գրել էր, որ «Նյուքասլ» – «Արսենալ» խաղում հաշիվը 1:1 է: «Տոտտենհեմի» երկրպագուների ուրախությունը երկար չտևեց: