Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Մանչեսթեր Սիթին» հատուկ է հետաձգում գլխավոր մարզչի պաշտոնում Մանուել Պելեգրինիի նշանակումը, որպեսզի խնայի 3.2մլն ֆունտ:
Որոշ տեղեկությունների համաձայն, «Մալագան», որն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, արդեն 2 ամիս է աշխատավարձ չի վճարում չիլիացի մասնագետին: Եթե սա ևս մեկ ամիս շարունակվի, ապա ցանկացած ակումբ կարող է ձեռք բերել Պելեգրինիին առանց որևէ փոխհատուցման:
Այսպիսով, «քաղաքայինները», ովքեր վերջերս 7մլն ֆունտ վճարեցին իրենց նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինիին, կարող են խուսափել լրացուցիչ 3.2մլն ֆունտ ծախսելուց, քանի որ «Մալագան» վաղաժամ խախտել է Պելեգրինիի հետ պայմանագիրը:
Չնայած այս ձգձգմանը, 59-ամյա Մանուելը նոր մրցաշրջանի հետ կապված պլանների քննարկման համար արդեն հանդիպել է «Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոյի և սպորտային տնօրեն Չիկի Բիգիրիստայնի հետ: Պելեգրինին «քաղաքայինների» գլխավոր մարզիչ կնշանակվի հուլիսի 1-ին:
Հավելենք, որ ֆուտբոլիստներին աշխատավարձեր չվճարելու և որոշ պարտականություններ խախտելու համար «Մալագան» վերջերս հեռացվել էր Եվրոպա Լիգայի հաջորդ մրցաշրջանի մասնակցությունից: