«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենիել Ուելբեքը խոստովանել է, որ իրեն անհրաժեշտ է բարելավել իր արդյունավետությունը նախորդ մրցաշրջանի համեմատ:
Վերջին մրցաշրջանում Ուելբեքն ընդամենը 2 գոլ է խփել, չնայած նա չի կարող դժգոհել մարզչի անվստահության համար, քանի որ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը երիտասարդ անգլիացուն հայտավորել է այնպիսի կարևոր հանդիպումներում, ինչպիսին «Ռեալի» դեմ հանդիպումն էր Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում:
Նոր մրցաշրջանում Ուելբեքի մարզիչը կլինի Դևիդ Մոյեսը, և Դենիելը խոստովանում է, որ պետք է բարելավի արդյունավետությունը, որպեսզի հնարավորություն ունենա պայքարել Ռոբին վան Պերսիի, Խավիեր Էրնանդեսի և Ուեյն Ռունիի հետ, ովքեր անցած մրցաշրջանում խփել են 30, 18 և 16 գոլ համապատասխանաբար:
-Ընդհանուր առմամբ իմ խաղի մեջ կա առաջընթաց. ես սկսել եմ ավելի կայուն խաղ ցուցադրել: Բայց ես ստիպված էի լինում խաղալ եզրերում և քիչ էի հայտնվում գոլային դիրքերում:
Ես խաղացել եմ Անգլիայի հավաքականի հարձակման գծում և խփել եմ գոլեր, դրա համար էլ գիտեմ, որ իմ հնարավորությունները չեմ կորցնի, եթե հայտնվեմ այդ դիրքերում:
Ես նաև հասկանում եմ, որ տարբեր դիրքերում գործելով՝ ես ինձ և իմ ակումբին եմ օգտակար լինում: Ես ուրախ եմ օգնել թիմիս, և կապ չունի թե որ դիրքում եմ գործում, սակայն ես պետք է ավելի շատ գոլեր խփեմ,- Ուելբեքի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: