«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հավատացրել է երկրպագուներին, որ իր ակումբը շարունակում է ակտիվ աշխատանք կատարել տրանսֆերային շուկայում:
Այս ամառ «կարմիր սատանաներն» ընդամենը ձեռք են բերել երիտասարդ կիսապաշտպան Գիլերմո Վալերային: Սակայն այն խաղացողներից, ովքեր կարող են ուժեղացնել «Յունայթեդը», Մոյեսը դեռևս ոչ մեկի չի հրավիրել:
Ամեն դեպքում Մոյեսը «Յունայթեդի» երկրպագուներին հավատացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ինչպես հայտնի է, «Օլդ Թրաֆոլդի» հետ են կապում «Էվերթոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսին, «Բենֆիկայի» պաշտպան Էսիկիել Գարային և «Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարային:
-Ակտիվության բացակայությունը թող ձեզ խուճապի չմատնի: Հավատացեք ինձ, մենք շատ ջանք ենք թափում, որպեսզի ուժեղացնենք թիմը:
Կարևոր է նկատել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ կհավակնի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին ձեռք բերելուն: Մենք նաև շահագրգռված ենք մեր սեփական ֆուտբոլիստների առաջխաղացմամբ ,- talkSPORT-ի հետ հարցազրույցում ասել է Մոյեսը:
Մոյեսը նաև հայտնել է, որ ասիական շրջագայությանը թիմի հետ միասին կմեկնի նաև Վիլֆրիդ Զախան: Ինչպես սպասվում էր, մարզիչը որոշել է հնարավորություն տալ երիտասարդ ֆուտբոլիստին: