«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորի տեղափոխությանը «Բեշիկթաշ» կարող է խանգարել թուրքական ակումբի որակազրկումը եվրոպական գավաթների խաղարկությունում:
Անցած անհաջող մրցաշրջանի վրա հիմնվելով՝ մամուլը Տոգոյի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստին կապում է թիմից հեռանալու հետ: Լուրերի համաձայն, Ադեբայորի ծառայություններով հետաքրքրված է «Բեշիկթաշը», որը պատրաստ է խաղացողի անձնական պայմանագրի պայմաններն իրականացնել:
Սակայն, համաձայն Daily Mail-ի, տրանսֆերի իրականացմանը կարող է խանգարել թուրքական ակումբի 1-ամյա որակազրկումը եվրոգավաթներում: Ինչպես հայտնի է, «Բեշիկթաշը» Եվրոպա Լիգայի նոր մրցաշրջանից դուրս մնաց պայմանավորված խաղեր անցկացնելու պատճառով:
Հավելենք, որ մի քանի օր առաջ «սև արծիվների» հետաքրքրության մասին հաստատեց «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը: Խորվաթի խոսքերով, «յուրաքանչյուրը կցանկանա տեսնել Ադեբայորին իր թիմում»: