«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան ցանկանում է, որ մի քանի տարի հետո երկրպագուները սկսեն իրեն համեմատել Էդվին վան դեր Սարի և Պետեր Շմեյխելի հետ:
22-ամյա իսպանացու կարիերայի սկիզբն «Օլդ Թրաֆորդում» այնքան էլ հաջող չդասավորվեց, որից հետո նա գտավ իր խաղը և օգնեց թիմին վերադարձնել Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը: Հիմա Դե Խեան հույս ունի համեմատվել «Յունայթեդի» լեգենդար դարպասապահների հետ:
-Երբ Էդվին վան դեր Սարը հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին, ես ցանկացա լինել այն մարդն, ով կփոխարիներ նրան: Ինձ տրվել է նման հնարավորություն, և ես մտադիր եմ օգտագործել այն:
Իհարկե, ինձ հաճելի կլինի, եթե մի օր երկրպագուներն իմ մասին խոսեն այնպես, ինչպես խոսում են Էդվինի և Պետեր Շմեյխելի մասին: Դա կնշանակի, որ իմ կատարած ծանր աշխատանքն իզուր չի եղել,- Daily Mail-ին հայտնել է Դե Խեան: