Օգոստոսի 17-ին կմեկնարկի Պրեմիեր Լիգայի 22-րդ մրցաշրջանը:
Այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգային են միացել «Կրիստալ Փելեսը», «Հալլ Սիթին» և «Քարդիֆ Սիթին», իսկ փոխարենը առաջնությունը լքել են «Քուինս Պարկ Ռեյնջերսը», «Ռեդինգը» և «Ուիգան Ատլետիկը»:
Առաջնության չորս ուժեղագույն թիմերից երեքը նոր մարզիչներ ունեն: Նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին» այժմ մարզում է «Էվերթոնի» նախկին մարզիչ Դևիդ Մոյեսը: Երկրորդ տեղ զբաղեցրած «Մանչեսթեր Սիթիի» ղեկին «Մալագայի» նախկին մարզիչ Մանուել Պելեգրինին է, իսկ «ազնավականների» գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոն է:
Այս փոփոխություններն, ինչպես նաև ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ունեցած համալրումները և կորուստները հաշվի առնելով՝ բուքմեյքերական ընկերությունները 2013/14 մրցաշրջանում չեմպիոնական պայքարի գլխավոր ֆավորիտ են համարում «Չելսիին», որի համար առաջարկված է 3.00 գործակից: «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» շանսերը գնահատվում է 3.25 գործակցով: Չորրորդ տեղում «Արսենալն» է՝ 11.00 գործակից, հինգերորդ տեղում՝ «Լիվերպուլը»՝ 21 գործակից, իսկ «Տոտտենհեմի» հնարավորությունները բուքմեյքերները գնահատում են 31.00 գործակցով:
Պրեմիեր Լիգան լքելու ամենից ցածր գործակից ունեն հենց նորեկները՝ «Կրիստալ Փելես»՝ 1.53, «Հալլ Սիթի»՝ 1.67 և «Քարդիֆ Սիթի»՝ 2.37:
Պրեմիեր Լիգայի առաջին տուրի խաղերը տեղի կունենան օգոստոսի 17-ին, 18-ին և 19-ին: