Չնայած «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի կտրուկ հայտարարությանը, լոնդոնցիները համարվում են «Անժիի» կիսապաշտպան Վիլլիանի համար պայքարում գլխավոր ֆավորիտ:
Օրերս Վիլաշ-Բոաշը հերքել էր, որ իր ակումբն առաջարկություն է արել 25-ամյա բրազիլիացուն գնելու համար: Թվում էր, որ «Տոտտենհեմը» չի պատրաստվում պայքարել Վիլլիանի համար, ում ցանկանում է ձեռք բերել նաև «Լիվերպուլը»:
Սակայն, ինչպես հայտնում է The Guardian-ը, «Տոտտենհեմը» շարունակում է քայլեր ձեռնարկել Վիլլիանին ձեռք բերելու համար: Աղբյուրը հայտնում է, որ ֆուտբոլիստն այժմ գտնվում է Լոնդոնում և պատրաստվում է բուժզննում անցնել «Ուայթ Հարթ Լեյնում»:
Հավելենք, որ այս տարվա հունվարին լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևին հատուկ մեկնել էր Ուկրաինա, որպեսզի Դոնեցկի «Շախտյորի» հետ համաձայնեցներ Վիլիանի տրանսֆերը, սակայն այն ժամանակ «Անժիի» առաջարկն ավելի շահավետ էր: