«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը վստահ է, որ Դենիել Ուելբեքը ընդունակ է դառնալ այնպիսի հարձակվող, ով կարող է մեկ մրցաշրջանի ընթացքում 20 գոլ խփել:
Անցած մրցաշրջանում` բոլոր մրցաշարերը ներառյալ, Ուելբեքին հաջողվել է ընդամենը երկու գոլ խփել, սակայն նոր մրցաշրջանը Դենիելը սկսել է «Սուոնսիի» դարպասին դուբլ ձևակերպելով:
Մոյեսը հույս ունի, որ այժմ 22-ամյա անգլիացին ավելի հաճախ գոլեր կհեղինակի: Մարզիչը պատրաստվում է համոզել Ուելբեքին, որ նա ընդունակ է նման բան իրականացնել:
-Ամառային նախապատրաստական շրջագայության ընթացքում ես շատ եմ խոսել նրա հետ` կոչ անելով, որ նա ավելի շատ դուրս գա հարվածային դիրք:
Սակայն երբ անցած շաբաթ նա իր երկրորդ գոլը խփեց «Սուոնսիի» դարպասին` գնդակը դարպասապահի գլխավերևով ուղարկելով, ես նրան ասացի, որ նման գոլեր խփում են այնպիսի հարձակվողներ, ովքեր կարող են Պրեմիեր Լիգայի մեկ մրցաշրջանում 20 և ավելի գոլեր խփել:
Արդյո՞ք նա կարող է հարձակվող դառնալ, ով յուրաքանչյուր մրցաշրջանում 20 գոլ է խփում: Մենք կփորձենք նրան ոգեշնչել, որպեսզի նա հենց այդպիսին դառնա, և ամեն ինչ կանենք, ինչը մեր ուժերում է,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Goal-ը: