«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը «Չելսիի» նկատմամբ տարած երեկվա հաղթանակը համարել է բիրմինգհեմյան ակումբի ղեկին իր լավագույն խաղը:
Երկրպագուների աջակցության և թիմային խաղի շնորհիվ «վիլլացիները» Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթեցին ընթացիկ մրցաշրջանի առաջատարին:
«Վիլլան» 2010թ-ի օգոստոսից հետո առաջին անգամ տնային երկու անընդմեջ խաղում հաղթանակ տարավ, ինչի շնորհիվ բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում: Լամբերտը դա լուրջ ձեռքբերում է համարում:
-Ես այստեղ եմ արդեն երկու մրցաշրջան, սակայն սա լավագույն հաղթանակն էր, որ մենք ունեցել ենք: Առանց որևէ կասկածի, սա մեր լավագույն խաղն էր:
Մենք հաղթեցինք մի թիմի, որը 2 տարի առաջ ճանաչվեց Եվրոպայի ուժեղագույն ակումբը՝ հաղթելով Չեմպիոնների Լիգան, որն այժմ գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, որն ունի ֆինանսական ահռելի միջոցներ և բարձրակարգ շատ ֆուտբոլիստներ:
Իսկ մեր ֆուտբոլիստների մի մասը նոր է ծանոթանում Պրեմիեր Լիգային: Այն ինչ նրանք արեցին, ուղղակի ֆանտաստիկ էր,- Լամբերտի խոսքերն է մեջբերում BBC-ն: