Այսօր երեկոյան տեղի կունենա Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրից հետաձգված մանչեսթերյան դերբին: «Յունայթեդը» կհյուրընկալի սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Սիթիին»:
Ընթացիկ մրցաշրջանը կարելի է ձախողված համարել «Յունայթեդի» համար, որն այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Դևիդ Մոյեսի սաները դուրս են մնացել Անգլիայի գավաթային առաջնություններից, իսկ Չեմպիոնների Լիգայում պայքարը շարունակելու ամենից քիչ շանսերն ունեն:
Ի տարբերություն «Յունայթեդի», նրանց այսօրվա մրցակիցն այս մրցաշրջանում արդեն հաղթել է Լիգայի գավաթը, իսկ Պրեմիեր Լիգայում դեռևս շարունակում է չեմպիոնական պայքարը: «Մանչեսթեր Սիթին» այս պահին զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, սակայն առաջատար «Չելսիից» երեք խաղ պակաս է անցկացրել: Ընթացիկ մրցաշրջանում Մանչեսթեր քաղաքը ներկայացնող այս ակումբների առաջին դիմակայությունն ավարտվեց Մանուել Պելեգրինիի թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 4:1:
Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 166 անգամ և առավելությունը «Յունայթեդի» կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 69-ում: 50 անգամ գրանցվել է ոչ ոքի և միայն 47 խաղում են ուժեղ գտնվել «քաղաքայինները»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:
Մեր կանխատեսումը՝ 1:2: