Ինչպես և սպասվում էր, ՈՒԵՖԱ-ի 54 անդամներն, այդ թվում Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան, հավանություն են տվել նոր միջազգային առաջնության ստեղծմանը, որը կկոչվի Ազգային Լիգա կամ Ազգերի Լիգա:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՈՒԵՖԱ-ն մտադիր է մի առաջնություն ստեղծել, որը կփոխարինի ազգային հավաքականների ընկերական խաղերին և կդասվի Աշխարհի առաջնության և Եվրոպայի առաջնության շարքին:
«Աստանայում կայացած ՈՒԵՖԱ-ի 38-րդ կոնգերսում անդամ 54 ազգային ֆեդերացիաները միաձայն որոշել են ստեղծել ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգա, որը պատրաստ կլինի 2018թ.»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նոր առաջնության կոնկրետ ձևաչափն առայժմ հայտնի չէ, սակայն նրա յուրահատկությունն այն է, որ կունենա մի քանի դիվիզիոն, որոնք միմյանց հետ կապված կլինեն հավաքականների տեղափոխելիությամբ: Մրցաշրջանի արդյունքում բարձր դիվիզիոնի վերջին թիմերը կտեղափոխվեն երկրորդ դիվիզիոն և հակառակը: