Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի այսօրվա վերջին հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր ետնապահ «Սանդերլենդին»:
Չեմպիոնական մրցավազքում գտնվող «Չելսին» սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց «սև կատուներից»: Հաշիվը բացեցին Ժոզե Մոուրինյոյի սաները, սակայն նրանք չկարողացան զարգացնել ձեռք բերած հաջողությունը: Սամուել Էտո՚Օյի գոլից 6 րոպե հետո հաշվի հավասարությունը վերականգնեց Քոնոր Ուիքհեմը, իսկ երկրորդ խաղակեսի վերջնամասում 11-մետրանոցից հյուրերի հաղթական գնդակը խփեց Ֆաբիո Բորինին:
Չնայած հաղթանակին, «Սանդերլենդը» կշարունակի զբաղեցնել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: Ավելացնենք, որ Ժոզե Մոուրինյոն Պրեմիեր Լիգայի շրջանակներում առաջին պարտությունը կրեց «Սթեմֆորդ Բրիջում»:
Գոլեր. Էտո՚Օ՝ 12ր, Ուիքհեմ՝ 18ր, Բորինի՝ 82ր (11մ):