«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ միանգամայն իրատեսական է համարում մրցաշրջանի ավարտին Պրեմիեր Լիգայի լավագույն եռյակում տեղ գտնելը:
Այս շաբաթ «կարմիր սատանաների» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը խոստովանեց, որ ակումբի բյուջեն ծախսվել է այն նպատակով, որ մրցաշրջանի արդյունքում վան Գալի սաները լավագույն եռյակից ցածր հորիզոնական չզբաղեցնեն և նվաճեն Չեմպիոնների Լիգայի մանսակցության ուղեգիր:
Եվ չնայած որ «Յունայթեդը» նախորդ մրցաշրջանում բավարարվեց 7-րդ տեղով, վան Գալը լավատեսական է տրամադրված:
-Ես չեմ կարծում, որ դա ռեալ չէ: «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբներն իրենց առջև պետք է նպատակ դնեն: Ես նույնպես ունեմ նպատակ: Լավագույն եռյակը տրամաբանական է, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում:
Մենք լավ աշխատեցինք տրանսֆերային շուկայում: Չնայած որ չենք խաղալու Չեմպիոնների Լիգայում, ֆուտբոլիստները համաձայնվեցին միանալ մեզ: Դա մեծ առավելություն է,- ասել է վան Գալը: BBC