«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին թիմի կիսապաշտպան Սամիր Նասրիին խորհուրդ է տվել ավելի շատ աշխատել, որպեսզի ամբողջությամբ օգտագործի իր բարձր որակները: Նասրին, ով 2011թ-ին 24 մլն ֆունտով «Արսենալից» տեղափոխվեց «Սիթի», դեռևս չի կարողանում ցուցադրել այն վառ խաղը, որով աչքի էր ընկնում «Արսենալում»:
Ընթացիկ մրցաշրջանում Նասրին «Սիթիի» կազմում ընդամենը երկու գնդակ է խփել: Սակայն Մանչինին համոզված է, որ ֆրանսիացու պոտենցիալը շատ ավելի բարձր է:
-Իմ կարածիքով մենք խոսում ենք շատ բարձր կարգի ֆուտբոլիստի մասին: Եթե նա ցանկանա, ապա կարող է փոխել ցանկացած խաղի ելքը: Նա մի շարք փայլուն խաղեր է անցկացրել «Սիթիում», սակայն նա ավելիին է ընդունակ:
Չեմ կարծում, որ նրա առաջ ինչ-որ խոչընդոտ կա: Երբ խոսքը գնում է այնպիսի ֆուտբոլիստների մասին, ինչպիսին Նասրին, Յայան և Սիլվան են, ապա կարող ենք վստահ ասել, որ նրանք ունակ են փոխելու ցանկացած խաղի ելք,- Մանչինիի խոսքերն է մեջբերում ESPN-ը: