Հեղինակավոր The Independent պարբերականը շարունակում է հետևել Ռահիմ Ստերլինգի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին և եկել է այն եզրահանգման, որ «Լիվերպուլն», ամենայն հավանականությամբ, ամռանը կվաճառի իր ծագող աստղին:
Նոր պայմանագրի հարցում լուրջ անհամաձայնություն կա ակումբի և ֆուտբոլիստի միջև: «Լիվերպուլը» պատրաստ է Ռահիմի աշխատավարձն ավելացնել երեք անգամ՝ հասցնելով շաբաթական 100 հզր ֆունտի, որը բավական լավ գումար է 20-ամյա ֆուտբոլիստի համար:
Սակայն Ստերլինգը ռեալ է գնահատում իր դերը ակումբի ցուցադրած խաղում և չի հասկանում, թե ինչու պետք է մեկուկես անգամ քիչ ստանա Դանիել Սթարիջից (շաբաթական 150 հզր ֆունտ):
Պարբերականը վստահեցնում է, որ խնդիրը միայն գումարը չէ: Ռահիմը հավակնոտ նպատակներ ունի և ցանկանում է յուրաքանչյուր մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների Լիգայում, ինչը նրան չի կարող երաշխավորել «Լիվերպուլը»: Ստերլինգը նաև ցանկանում է խաղալ հարձակվողի դիրքում:
«Լիվերպուլի» ներսում լուրջ կասկած կա, որ Ստերլինգը իսկապես մտածում է ակումբից հեռանալու մասին, և անգամ շաբաթական 150 հզր ֆունտ աշխատավարձը նրան չի կարող ստիպել մնալ, ուստի «կարմիրները» պատրաստ են վաճառել նրան:
Ստերլինգի համար պայքարում գլխավոր ֆավորիտներն են համարվում «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը», սակայն չի բացառվում Ռահիմի նկատմամբ հետաքրքրությունը նաև Պրեմիեր Լիգայից դուրս: Սպասվում է, որ «Լիվերպուլը» վաճառքի հետ կապված բանակցությունները կսկսի 50 մլն ֆունտ առաջարկի դեպքում: